30/09/2021 16:48
«Մեղսակիցները չեն կարող քննել հանցագործությունը»․ Մամիջանյանը՝ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի մասին
«Մեղսակիցները չեն կարող քննել հանցագործությունը»,- 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի ձևավորման և այն իշխանության ներկայացուցչի կողմից ղեկավարելու վերաբերյալ իր կարծիքն է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը 5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդմանը տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ ապրիլյան քառօրյայից հետո հենց պաշտպանական գերատեսչությունում էր ստեղծվել հանձնաժողով՝ 2016-ի պատերազմական գործողություններում սխալների վերհանման ու դրանց վերլուծության նպատակով։ Հանձնաժողովը մասնագիտական էր և մասնագիտական էլ գնահատականներ էր տվել քառօրյային։
«Կազմվել էր զեկույց, շտկումներ էին արվել, և այդ շտկումներով իրականացված աշխատանքները հենց իրենց առաջնորդ Փաշինյանը, եթե չեմ սխալվում՝ 2016 թվականի ամռանը, որակել էր որպես «գրանցված մեծ հաջողություններ»»,- ասել է Մամիջանյանը։
Պատգամավորն ակնհայտ է համարել, որ, ի տարբերություն այդ մոտեցումների, 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը բոլորովին այլ խնդիր է լուծելու, որն իշխանությունը դրել է իր առջև։
«Նրանց նպատակը միշտ մեղավորներ գտնելն է և իրենց վրայից պատասխանատվությունը որևէ մեկի վրա գցելը։ Այդ հանձնաժողովը չի կարող արդյունավետ աշխատել, որովհետև թե՛ հրավիրյալները, թե՛ քննություն իրականացնողները մի խնդիր են ունենալու՝ հանկարծ այդ քննության արդյունքում իրենք իրենց անունը, որպես մեղավոր, «չհայտնաբերեն»։ Այնպես որ, նրանց աշխատանքն է լինելու կոծկել իրենց և իրենց քաղաքական հոր մասնակցությունը»,- նշել է Մամիջանյանը։