30/09/2021 15:50
Իրանում մեկնարկող զորավարժությունները պետք է դիտարկել թուրք-իրանական մրցակցության համատեքստում. իրանագետ
Իրանն Ադրբեջանին լուրջ հակառակորդ չի համարում, և երկրի հյուսիսարևմտյան շրջաններում վաղվանից մեկնարկող զորավարժություններն ուժի ցուցադրում են առավելապես Թուրքիային, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը։
«Վերջին շրջանում թուրք-իրանական մրցակցություն է նկատվում։ Իրանական սոցցանցերում տեղեկություններ կան, որ Թուրքիան որոշակի քանակությամբ զինտեխնիկա է տեղափոխել Իրանի հետ սահմանային հատվածներ։
Այսինքն՝ կարելի է ասել, որ թուրքական կողմը հասկանում է Իրանի մտադրությունները, սակայն իրանական դիվանագիտության առավելություններից մեկն այն է, որ այդ երկիրը բացահայտ կերպով Թուրքիային դեռևս չի մեղադրում, հակառակը՝ տեսանելի մակարդակում պահպանում են թուրք-իրանական հարևանական հարաբերությունները։ Ըստ էության՝ Իրանի կողմից երկարաժամկետ պայքարի քաղաքականություն է մշակվել», - նշեց Գարիկ Միսակյանը։
Հիշեցնենք, որ Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում հոկտեմբերի 1-ին մեկնարկող զորավարժություններում ներգրավվելու են հրետանի, զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ:
Նշվում է, որ վարժանքներն անցկացվում են զինված ուժերի մարտունակության աստիճանը ստուգելու, մարտունակությունը բարձրացնելու, զինտեխնիկան փորձարկելու նպատակով: