30/09/2021 11:37
Հայաստանը կանգնած է դժվարին մարտահրավերների առջև. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր ուղերձը բյուջեի նախագծի շուրջ:
Նա ասաց, թե այսօր Հայաստանը կանգնած է դժվարին մարտահրավերների առջև:
«Դեռևս հաղթահարված չեն համավարակի և 44-օրյա պատերազմի տնտեսական, սոցիալական ու անվտանգային աղետալի հետևանքները ու մարտահրավերները: 2021 թվականին տեղի ունեցած ԱԺ ընտրություններով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը ու բավականին ամուր հիմքեր ստեղծվեցին համախմբման ու դեպի ապագա նայելու հայ ժողովրդի ձգտման համար», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ առաջին հերթին իրենք կարևորում են պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն ու աշխատանքային մշակույթի վերափոխումն ու զարգացումը:
«Կառավարությունը մտադիր է շարունակել ներդրումները խթանող քաղաքականությունը՝ դրա համար կիրառելով երեք հիմնական գործիք՝ պետական գնումների համակարգի թափանցիկություն, մրցույթի դրվող լոտերի ծավալների մեծացում, հուսալի ընկերությունների հետ հարաբերությունների պարզեցմանն ուղղված օրենսդրական նորամուծություններ», - նշեց վարչապետը:
Փաշինյանն ասաց, որ Հայաստանի քաղաքացիները ամեն օր պետք է զգան կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդեցությունն իրենց կյանքի վրա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե 2022 թվականի բյուջեն հենվում է երեք հիմնական առաջնահերթության վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում, ենթակառուցվածնքերի զարգացում, կրթության ու գիտության արդիականացում:
«Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը՝ առանց որի հնարավոր չէ իրագործել երկարաժամկետ զարգացման նպատակները: Այս իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև Հայաստանի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը», - ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց, թե կրթության զարգացումը առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար, ուստի, կրթության հասանելիությունը, ներառական զարգացումը ու բովանդակային բարեփոխումը իրենց երկարաժամկետ առաջնահերթությունն է:
«Իհարկե, հնարավոր չէ մեկ բյուջեով լուծել պետության առջև ծառացած բոլոր հարցերը, մենք պետք է դուրս գանք ամեն ինչ անելու ու, ըստ էության, ոչինչ չանելու իներցիոն տեղապտույտից: 2022 թվականի բյուջեում մենք ձգտել ենք զգուշորեն բալանսավորել կառավարության առաջնահերթությունները ու միաժամանակ ապահովել տարատեսակ ֆիսկալ ռիսկերի կառավարելիությունը: Մենք վստահ ենք, որ կառավարության ծրագիրն ունենալու է հաջող իրագործում՝ ապահովելու ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և արժանապատիվ կյանքը», - հայտարարեց վարչապետ Փաշինյանը: