30/09/2021 14:56
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պերուի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին և արդյունավետ աշխատանք մաղթել: Նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների ակտիվացման գործում:
Դեսպան Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսն ընդգծել է, որ պատրաստ է գործնական քայլեր ձեռնարկել հայ-պերուական հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների միջև համագործակցության զարգացման ու կապերի աշխուժացման, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հնարավորություններին: Նշվել է, որ գործակցության ներուժ է առկա բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, կրթության ոլորտներում: Երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացման տեսանկյունից կողմերը կարևորել են մշակութային ոլորտում փոխգործակցությունն ու փոխանակման ծրագրերի իրականացումը: Այս համատեքստում խոսվել է գալիք տարի՝ Հայաստանի և Պերուի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Հայաստանում Պերուի և Պերուում Հայաստանի մշակութային օրեր կազմակերպելու մասին: