30/09/2021 18:48
Մոսկվան աշխատում է Երևանի և Բաքվի հետ ականապատ տարածքների քարտեզների դիմաց հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ. Զայցև
Ռուսական կողմը շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հետ ականապատ տարածքների քարտեզներն Ադրբեջանին տրամադրելու դիմաց հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ և հույս ունի, որ դա կօգնի երկու երկրի հարաբերությունների բարելավմանը, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
«Շարունակում ենք աշխատանքը ականապատ տարածքների քարտեզների դիմաց հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ: Վստահ ենք, որ այդ զգայուն հարցերի շուտափույթ և վերջնական կարգավորումը կնպաստի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների բարելավմանը», - ասել է Զայցևը:
Նա ընդգծել է, որ Մոսկվան այդ ուղղությամբ իր աշխատանքում առաջնորդվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով, որոնք «ապագայում նման ողբերգական իրադաձությունների բացառման հուսալի երաշխիք են»:
«Տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերում Ռուսաստանն ընդգծում է եռակողմ համաձայնագրերից բխող խնդիրների իրագործումը, հետագա ընթացքը բոլոր ուղղություններով», - նշել է Ալեքսեյ Զայցևը։