30/09/2021 13:58
Դավիթ Տոնոյանի կալանավորման միջնորդությունը հիմնավորված չէ, նրա նկատմամբ արգելանքն ապօրինի է․ փաստաբան
Armlur.am-ը զրուցել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանի հետ։ Վերջինս հայտնել է, որ Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար։
«Պարոն Տոնոյանն իրեն, միանշանակ, մեղավոր չի ճանաչել։ Ավելին, նրան մեղսագրվող արարքը նույնիսկ հերքվում է՝ քրեական գործով արդեն իսկ ձեռք բերված ապացույցներով։ Մանրամասնել չեմ կարող՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիքի և պետական գաղտնիքի առկայությունը», - ասել է փաստաբանը՝ խոստանալով ավելի ուշ մամուլին տրամադրել այն տեղեկատվությունը, որը թույլատրելի կհամարվի։
Սերգեյ Հովհաննիսյանը հայտարարել է նաև, որ Տոնոյանի կալանավորման միջնորդությունը ընդհանրապես հիմնավորված չէ, նրա նկատմամբ արգելանքն ապօրինի է։
«Պարոն Տոնոյանի առնչությունն այն արարքին, որը նրան մեղսագրվում է, որևէ կերպ հիմնավորված չէ», - հավելել է Հովհաննիսյանը։
Փաստաբանը հայտնել է նաև, որ քննվող գործով կոնկրետ Տոնոյանի դեմ ցուցմունք չկա։