30/09/2021 09:38
«Փաստ». Սփյուռքի մի շարք կառույցներ կդիմեն ՀՀ նախագահին և Կաթողիկոսին, որ կանխեն սփյուռքի հայկական կրթօջախների փակման գործընթացը
«Փաստ» թերթը գրում է. «Տարիների ընթացքում պարբերաբար անհանգստացնող տեղեկություններ են ստացվում սփյուռքահայ տարբեր գաղթօջախներից. ժամանակ առ ժամանակ անհասկանալի պատճառաբանություններով փակվում են տեղերի հայկական կրթօջախները, որոնք աշխարհասփյուռ հայության համար մշտապես ունեցել են հայապահպանության, լեզվապահպանության կարևորագույն առաքելություն:
Դրանցից է նաև Կիպրոսի «Մելքոնյան» վարժարանը, որի ճակատագիրը շարունակում է մտահոգիչ մնալ: Տարիներ առաջ ՀԲԸՄ-ը որոշում կայացրեց փակել վարժարանը՝ որպես պատճառաբանություն նշելով, որ այն ֆինանսապես վնասաբեր է: Հետագայում տեղեկություններ տարածվեցին, որ վարժարանի հողը ցանկանում են վաճառել: Ժամանակ առ ժամանակ կիպրոսահայության ներկայացուցիչները, ինչպես նաև Սփյուռքի տարբեր կազմակերպություններ հանդես են եկել հայտարարություններով, կազմակերպել են ակցիաներ՝ կոչ անելով չվաճառել հողը և վերաբացել վարժարանը, քանզի այն իրապես մեծ ներդրում է ունեցել և այսօր էլ կարող է մեծ նշանակություն ունենալ տեղի հայ երեխաների հայեցի կրթության, հայ մնալու, հայկականը պահելու գործում:
Նրանք ոչ մեկ անգամ նշել են, որ մեկ անձի կամ մեկ կազմակերպության՝ շահույթ ստանալու մոլուցքը գերակա է դարձել հայապահպանության կարևորագույն խնդրին: Մյուս կողմից՝ այնպիսի տպավորություն է, որ Կիպրոսի իշխանություններն առավել շահագրգռված են «Մելքոնյան» վարժարանի գոյությամբ, որի պահպանման համար ժամանակին թե՛ Կիպրոսի խորհրդարանը, թե՛ կառավարությունն ընդունել են համապատասխան կոչեր ու որոշումներ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Սփյուռքի մի շարք կառույցներ ցանկանում են դիմել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ փոխանցելով հանրային պահանջը և խնդրելով, որ նրանք միջամտեն ու մի կողմից՝ փորձեն կանխել սփյուռքի տարբեր հայկական կրթօջախների փակման գործընթացը, մյուս կողմից՝ նպաստեն «Մելքոնյան» վարժարանը փրկելուն ու վերաբացելուն»։