30/09/2021 18:11
Եթե ՔՊ-ի թեկնածուն Դանիելյան Դավիթն է, ապա այսօրվա դրությամբ բնակավայրեր, հաստատություններ այցելելը, իմ իմանալով՝ խոստումներ տալը ակնհայտ քարոզարշավ է՝ պատգամավոր լինելու պատրվակի ներքո․ Փարսյան
Armlur.am-ը զրուցել է Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ՝ պարզելու, թե ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ Կապանի ավագանու արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» հավանական թեկնածու, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, փաստացի, քարոզարշավ է իրականացնում մարզում։
«Իրենց կողմից դեռ պաշտոնապես չի հայտարարվել, թե ով է իրենց թեկնածուն, միայն խոսակցություններ կան, որ թեկնածուն Դանիելյան Դավիթն է, և նրա սոցցանցի էջում տեսնում ենք, որ այցելում է տարբեր բնակավայրեր, հանդիպումներ է ունենում գյուղացիների, քաղաքացիների հետ, տարբեր ուսումնակական հաստատություններ է այցելում, ծանոթանում խնդիրներին, իմ իմանալով՝ նաև խոստումներ է տալիս»,- ասել է Կապանի քաղաքապետը։
«Այդ դեպքում արդեն ակնհայտ է, որ սա նման է քարոզարշավի»,- հավելել է նա։
Փարսյանն անդրադարձել է նաև Կապանի համայնքապետի ՔՊ-ի հավանական թեկնածուի կողմից իր ակտիվ շփումները պատգամավոր լինելու հանգամանքով պայմանավորելուն։
«Եթե իրենք որոշել են, որ Դանիելյան Դավիթն է իրենց թեկնածուն, ապա այսօրվա դրությամբ բնակավայրեր այցելելը, հաստատություններ այցելելը ակնհայտ քարոզարշավ է՝ ԱԺ-ի պատգամավոր լինելու պատրվակի ներքո»,- ասել է Փարսյանը։