30/09/2021 12:37
Կառավարության նպատակը քովիդի տարածումը կանխարգելե՞լն է, թե՞ թեստերի սպառումը խթանելը․ թող պարգևավճար չստանան, ժողովրդի թեստավորման ծախսը հոգան․ ակցիայի մասնակիցներ
Մի խումբ քաղաքացիներ ու հասարակական գործիչներ, իրավաբաններ հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ բարձրաձայնելու պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ հանձնելու հրամանի կիրառման հետևանքով ստեղծված խնդիրների մասին։
«Կառավարությանն ուզում ենք ասել, որ, վերջիվերջո, հստակեցնեն իրենց իրավական ակտերը, որպեսզի իրավական որոշակիություն լինի թե՛ տուգանքների, թե՛ գործատուի պարտականությունների, թե՛ ֆինանսական պարտականությունների, թե՛ «Աշխատանքային օրենսգրքի» և մյուս իրավական ակտերի մասով», - լրագրողների հետ զրույցում ասաց «Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի» փաստաբան Քրիստինե Ավագյանը։
Նա նշեց, որ իրենց գրասենյակն օրական մեկ տասնյակից ավելի ահազանգեր ու դիմումներ է ստանում քաղաքացիներից, որոնք հրամանի պատճառով հայտնվել են աշխատանքը կորցնելու վտանգի առջև և հստակեցրեց, որ «Աշխատանքային օրենսգրքի» 108-րդ հոդվածում հստակ սահմանված են իրավիճակները, որոնց դեպքում գործատուն աշխատակցին իրավունք ունի թույլ չտալ ներկայանալ աշխատանքի։
«Իսկ 65 N հրամանը հրաման է, օրենք չէ, և որևիցե այլ օրենք չի սահմանում այն դեպքերը, որոնց առկայության պայմաններում աշխատողին կարող են թույլ չտալ կատարել իր աշխատանքային պարտականությունները», - ընդգծեց փաստաբանը։ Նա հավելեց, որ նշված հրամանը հակասության մեջ է նաև Սահմանադրության 25-րդ հոդվածի 4-րդ մասի հետ։
Մեկ այլ խնդիր փաստաբանը համարեց պատվաստվել չցանկացող քաղաքացիների նկատմամբ ֆինանսական հավելյալ պարտականության սահմանումը՝ դրսևորվող ՊՇՌ թեստի պատասխանը ներկայացնելու պահանջով։
«Անհամաչափությունը ևս մեկ հարցում է դրսևորվում․ եթե կառավարության նպատակը կորոնավիրուսի տարածման կանխարգելումն է, և նրանք թեստի պատասխան են պահանջում ոչ պատվաստվածներից այն դեպքում, երբ պատվաստված քաղաքացին ևս կարող է վարակակիր և վարակի տարածող լինել, այստեղ, առնվազն, տրամաբանության պակաս է նկատվում և կառավարության նպատակի հարցում ևս կասկածներ են առաջանում՝ արդյոք նպատակը հիվանդության տարածումը կանխարգելե՞լն է և ոչ թե սպառումը խթանելը», - ասաց նա։
Ակցիայի մասնակից, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք կառավարությունից պահանջում են պարտադիր թեստավորման գումարները փոխհատուցել ժողովրդին։
«Եթե հարցը հասարակ քաղաքացուն, ժողովրդի անվտանգությանն է վերաբերում, կառավարությունը միջոցներ կարող է գտնել, եթե ցանկություն ունենա։ Եթե այս շենքում նստած մարդիկ իրականում մտածում են մարդկանց առողջության մասին, ինչում ես խիստ կասկածներ ունեմ, ապա եթե ցանկություն ունենան, կգտնեն միջոցներ, թեկուզ՝ 1-2 ամիս պարգևավճար չստանալով կամ թեստավորումից մինչև այժմ ստացած 37 միլիոն գերշահույթից», - ասաց նա։