30/09/2021 18:59
Դատավորների բարեվարքության ստուգման գործընթացում կարևորվել է Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը
Եվրոպայի խորհուրդն Արդարադատության նախարարության առանցքային գործընկերներից է հատկապես դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու, ՔԿՀ-ներում մարդու իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության դեմ պայքարի, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության բարելավման հարցերում: Այս մասին այսօր հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Հայաստանում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ։
ԵԽ գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարար Անդրեասյանին ընդունելության համար, ընդգծել Հայաստանի կառավարության, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության հետ համագործակցության բարձր մակարդակն ու փոխգործակցության շարունակականության պատրաստակամություն է հայտնել։
Կարեն Անդրեասյանը ԵԽ գործընկերոջը ներկայացրել է Նախարարության բարեփոխումների օրակարգը՝ ուղղված հակակոռուպցիոն պայքարին, քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների բարելավմանը, ոստիկանության բարեփոխումներին և դատավորների բարեվարքության ստուգմանը։ Վերջինի առումով երկուստեք կարևորվել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հետ սերտ համագործակցությունը։