30/09/2021 17:36
Նախիջևանի հետ սահմանին զորավարժություններ սկսելով՝ Իրանն ուժ է ցուցադրում Ադրբեջանին. Իրանագետ
Իրանը, Նախիջևանի հետ սահմանին զորավարժություններ սկսելով, ուժ է ցուցադրում Ադրբեջանին՝ հստակ մեսիջներ հղելով վերջինիս, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը։
«Ակնհայտ է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լուրջ ճգնաժամ կա։ Վերջին ամիսներին նկատվող լարվածությունը հասել է իր գագաթնակետին, և երկու երկրների տարբեր պաշտոնյաներ, բացահայտ կամ ոչ բացահայտ, միմյանց հասցեին սպառնալիքներ են հնչեցնում»,- ասաց իրանագետը։
Անդրադառնալով այն փաստին, որ զորավարժությունների գոտին շոշափելու է նաև Թուրքիայի հետ սահմանը, Արմեն Վարդանյանը նկատեց՝ այնպես չէ, որ Իրանը շատ ջերմ հարաբերություններ ունի այդ երկրի հետ, սակայն տարբեր հարցերում էական հակասություններով հանդերձ՝ երկու երկրների հարաբերությունները վերջին տարիներին բավականին զարգացել են։
«Ասվածի վառ ապացույցն այն է, որ Թուրքիան, նույնիսկ ԱՄՆ-ի ճնշումների ներքո, չհրաժարվեց իրանական նավթից և հանդիսանում է իրանական էներգակիրների խոշոր սպառողներից մեկը։ Այնպես որ, Իրան-Թուրքիա հարաբերություններն ավելի բարձր մակարդակի վրա են, քան Իրան-Ադրբեջան հարաբերությունները»,- ասաց Արմեն Վարդանյանը։