01/10/2021 10:35
Վարչապետն ասաց՝ չկա պատվաստվելուց հետո բարդությունների ուշագրավ դեպք․ կամ ԱՆ-ն նրանից թաքցրել է դեպքերը, կամ նա գիտեր և այդպես ասաց․ Զոհրաբյան
Նախաձեռնության նպատակն է պայքարել ոչ թե պատվաստվելու, այլ պատվաստվելու պարտադրանքի դեմ, քանի որ պատվաստվելը մարդու գիտակցված որոշումը պետք է լինի, մինչդեռ այսօրվա իրավակարգավորումներում պարտադրանքի տարրեր կան, Հ2 հեռուստաընկերության եթերում ասել է «Ազատ կամք» նախաձեռնության անդամ, «Փաստաբանների պալատի» նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով պատվաստվելու կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխանը գործատուին ներկայացնելու Առողջապահության նախարարի հայտնի հրամանի դեմ իրենց նախաձեռնության պայքարի մասին։
Զոհրաբյանը տեղեկացրել է, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը Վարչական դատարանում վիճարկելու է նշված հրամանը՝ հայցադիմումում ներկայացնելով նաև դրա գործողությունը կասեցնելու պահանջ։ Մինչև հոկտեմբերի 7-ը շարունակվելու է ստորագրահավաքը, կոլեկտիվ հանրագիր է ներկայացվելու նաև Նիկոլ Փաշինյանին՝ հրամանում պարտադրանքի տարրը վերացնելու հասարակական պահանջով։
«Մենք վստահ չենք պատվաստանյութերի երկարաժամկետ վնասակարության մասին, և ստացվում է, որ բժշկական փորձի ենք ենթարկվում, իսկ սահմանադրությունն արգելում է, առանց համաձայնության, մարդկանց ենթարկել բժշկական փորձի», - ասել է Զոհրաբյանը։
Նա մեկ այլ հանգամանքի վրա էլ է ուշադրություն հրավիրել․ պետությունը, հանդիսանալով պատվաստանյութի գնման ու գովազդելու առաքելությունն իրականացնող, օրինաչափորեն թաքցնում է դրա բացասական հետևանքներն ու ռիսկերը։
«Պետությունը, ի դեմս վարչապետի, սեպտեմբերի 23-ի կառավարության նիստում ասաց հետևյալը․ չկա պատվաստվելուց հետո բարդությունների ուշագրավ դեպք։ Մինչդեռ սեպտեմբերի 17-ին մեր հայրենակիցներից մեկը մահացել էր։ 2 դեղանյութով պատվաստվել էր, դրանից հետո վարակվել էր կորոնավիրուսով և կորոնավիրուսից մահացել էր։ Այսինքն, այդ դեպքն առնվազն ուշագրավ, ուշադրության արժանի դեպք էր։ Երկու տարբերակ կա․ կամ Առողջապահության նախարարությունը վարչապետից թաքցրել է այդ դեպքը, կամ վարչապետը գիտեր և այդպես պատասխանեց։ Էական չէ, թե ինչպես է եղել, բայց բոլոր դեպքերում, թաքցնելու փաստն առկա է», - ասել է Արա Զոհրաբյանը։
Նա այլ օրինակներ էլ է նշել։
«Մի դեպք էլ կա, որի մասին մոտ ապագայում հավելյալ փաստերով կխոսեմ․ մարդը պատվաստվել է, երկրորդ դեղաչափն ընդունելուց 1-2 օր հետո հոսպիտալացվել է, թոքերի վիրահատության է ենթարկվել, հիմա էլ ծանր վիճակում է։ Նաև դեպք կա, երբ պատվաստվելուց հետո 1 ամիս մարդը չի կարողացել քայլել։ Նման դեպքեր շատ կան, և ասել, որ ուշագրավ դեպքեր չկան․․․ բոլոր դեպքերում, կա ռիսկ։ Իսկ եթե կա ռիսկ, պետք է ժողովրդի հետ լինել անկեղծ, տալ օբյեկտիվ տեղեկատվություն, և թող ժողովուրդն ինքը որոշի», - ասել է Զոհրաբյանը։