01/10/2021 09:56
«Հրապարակ». Առաջարկվում է քրեականացնել սուտ տեղեկություններ տրամադրելը
«Հրապարակ» թերթը գրում է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն առաջարկում է քրեականացնել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը՝ քննիչ հանձնաժողովների դեպքում պատիժ սահմանելով ազատազրկում՝ 5-7 տարի ժամկետով, իսկ պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելու կամ տրամադրելու դեպքում՝ ազատազրկմամբ՝ 8-12 տարի ժամկետով։
«Պատճառը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը տեղի ունեցած 44-օրյա պատերազմն է և դրա հանգամանքների համակողմանի ուսումնասիրման վերաբերյալ հայտարարված քննիչ հանձնաժողովի ձևավորման հանգամանքը: Պետք է նկատել, որ նշված պատերազմի արդյունքում հայ ժողովրդի հազարավոր հերոս զինվորական ծառայողներ մարտիրոսվել են, սակայն հանրության մեջ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ պատերազմից հնարավոր էր խուսափել կամ հնարավոր էր ավելի վաղ դադարեցնել, որի պայմաններում զոհված, թշնամու կողմից սպանված զինվորների կյանքը հնարավոր կլիներ փրկել և կանխել նման իրավիճակը: Այս հանգամանքների վերաբերյալ ցանկացած ոչ հավաստի կամ ոչ լրիվ ճշմարիտ, առավել ևս սուտ կամ կեղծ տեղեկություններ հայտնելը նման պայմաններում իրենից ներկայացնում է չափազանց բարձր հանրային վտանգավորության աստիճան, որով պայմանավորված է հենց քրեական քաղաքականության նման խիստ մոտեցումը», - նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Նախագծով առաջարկվում է՝ ընդունվելու դեպքում փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 12-րդ օրը։