01/10/2021 13:29
Չե՞ս կարող ասել՝ «ղալաթ» եմ արել, դժվա՞ր է, էգո՞ն թույլ չի տալիս․ Վիոլետ Գրիգորյանը՝ իշխանություններին պաշտպանող մտավորականների մասին
Ովքեր դեռ պաշտպանում են այս իշխանությանը, ուղղակի դեռ չեն պատկերացնում՝ ինչ է եղել․ մի մասը։ Կամ դեռ շահառու են, ուրիշ բան չկա, 168․am-ի «Պրեսսինգ» հաղորդմանը, անդրադառնալով հեղափոխությանը սատարած և 2018-ից հետո տեղի ունեցած բոլոր գործընթացներից հետո անգամ գործող իշխանությանը պաշտպանող մտավորականների և արվեստագետների դիրքորոշմանը, ասել է բանաստեղծ, գրող Վիոլետ Գրիգորյանը։
Նա նշել է, որ նրանց շահն այս դեպքում շատ ավելի խորը իմաստ ունի, քան նյութականն է․ ինտելեկտուալ և hանրային դեմքերի փոքրիկ կղզյակներում հեղափոխության օգտակարության մասին նախկինում արտահայտած տեսակետը չժխտելու, այդպիսով՝ սեփական «ես»-ի «արժեքն» ու հեղինակությունը պահելու, նաև ոմանց սիրաշահելու համար շատ արվեստագետներ ու մտավորականներ պարզապես չեն ցանկանում խոստովանել, որ ժամանակին սխալվել են։
«Չե՞ս կարող ասել՝ ղալաթ եմ արել, դժվա՞ր է, էգո՞ն թույլ չի տալիս։ Պարզվում է՝ դա ավելի թանկ է, քան երկրիդ գլխին եկած աղետը։ Դժվա՞ր է պատասխանատվություն վերցնել, ասել՝ սխալվել եմ։ Առաջին բառը, որը ասել եմ, երբ փողոցում ինձ մոտեցել են մարդիկ, ասել եմ՝ ղալաթ եմ արել։ Այդքան դժվա՞ր է։ Առաջին բառս ասել եմ՝ ղալաթ եմ արել, երբ ավելի քիչ եմ նպաստել (հեղափոխությանը-խմբ․), քան այլ մարդիկ: Շատ ավելի քիչ։ Շատ ավելի կարճ ժամանակ հետո սկսեցի քննադատել։ Այդքան դժվա՞ր է ասես՝ ղալաթ եմ արել, ու հանգիստ ապրես։ Ասա՝ սխալվել եմ, սխալ բան եմ արել, ու այդ էգոիցդ ազատվիր։ Մարդը սխալական է, այո։ Ու հետո սկսիր սթափ նայել, թե ինչ ես արել։ Ամբողջը վերանայիր։ Ես ամբողջը վերանայել եմ», - ասել է Վիոլետ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ինքը վերանայել է պետության արժեքը, տեղի ունեցածից հետո հասկացել, որ տարբեր խմբերի, փոքրամասնությունների իրավունքների, ազատությունների պաշտպանության համար իր քայլերում ժամանակին չի մտածել, որ դա որպես գործիք էր ծառայեցվում։
«Վերանայել եմ ամբողջը։ Ոչ թե, որ ազատությանը դեմ եմ կամ հայացքներս փոխել եմ, այլ տեսնելով, որ եթե մակերեսային բան ես անում, խորքային փոփոխություններ չեն, դա պարզապես դառնում է գործիք, որ այսօր երկրիդ ամբողջ համակարգը կաթվածահար լինի։ Դա դրա համար էր մենակ։ Հետո տեսնում ես, որ փլվեց մի վայրկյանում, փլվեց, չկա․ քո ինքնության, մշակույթի պահպանության գլխավոր երաշխավորը, որը պետությունն էր, էլ չկա», - ասել է Վիոլետ Գրիգորյանը։