01/10/2021 16:52
Կարող է՝ 15-20000 դրամ են ծախսել․ եթե մեկ անգամ հանձնել են թեստ, երկրորդ անգամ էլ թող հանձնեն․ պաշտոնյան՝ հոկտեմբերի 1-ին թեստ հանձնած քաղաքացիների մասին
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքեց խնդրին, որ բազմաթիվ աշխատողներ, ենթարկվելով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հայտնի հրամանի պահանջին, գումար են վճարել և թեստավորվել են՝ թեստի պատասխանը ներկայացնելով գործատուին, սակայն միայն երեկ է Առողջապահության նախարարությունը տեղեկացրել, որ պատասխանները պահանջվելու են հոկտեմբերի 14-ից։
«Սկզբում ասում են՝ հոկտեմբերի 1-ին ուժի մեջ է մտնում, իսկ մեկ օր առաջ ասում են՝ կարող եք հոկտեմբերի 15-ից ներկայացնել», - հարց ուղղեցին լրագրողները։
«Շատ լավ, հիմա մեկը մյուսին ինչո՞վ է խանգարում․ եթե մարդը մեկ անգամ հանձնել է թեստ, երկրորդ անգամ էլ է հանձնելու», - ասաց պաշտոնյան։
Լրագրողների դիտարկմանը, թե քաղաքացին արդեն ծախսել է 5 000 կամ 7-8 000 դրամ, Սարգսյանն արձագանքեց, որ կարող էին նաև 15-20 000 դրամ ծախսած լինել, ապա հավելեց․ «Երևի մեկնաբանության թյուրըմբռնում է եղել։ Ըստ էության, մենք չենք կարող մեկնաբանել Առողջապահության նախարարի որոշումները»։
Այդ հարցի շուրջ, ըստ Սարգսյանի, իրենց կառույց բողոք չի եկել։