01/10/2021 18:43
Տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որը երբեք կարիք չի ունեցել դենոմինացիա իրականացնելու. տնտեսագետ
Հայաստանցիների ճնշող մեծամասնության համար «դենոմինացիա» եզրույթն անծանոթ բան է։ Ու դա շատ լավ է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը։
«Դա նշանակում է, որ 1993 թվականի նոյեմբերին ՀՀ Ազգային արժույթի՝ դրամի ներդրումից ի վեր մենք երբեք չենք ունեցել այնպիսի իրավիճակ, երբ ստիպված պիտի գնայինք դրամի դենոմինացիայի՝ վերանվանման։
Մինչդեռ երկրները հաճախ են գնում իրենց արժույթների դենոմինացիայի՝ ազատվելու համար դրանց ուժեղ արժեզրկման հետևանքով թղթադրամների վրա հայտնված բազմաթիվ զրոներից։ Դենոմինացիան հենց ազգային արժույթի թվային մասշտաբի փոքրացումն է, ինչը ենթադրում է նաև դրամանիշների փոփոխություն։ Հարևան Իրանն օրինակ այս պահին գտնվում է դենոմինացիայի երկամյա անցումային փուլում. փոխում է նաև ազգային արժույթի անունը։ Իրանական փողն «ռեալ»-ի փոխարեն կոչվելու է «թուման» և 10 հազար ռեալը կդառնա մեկ թուման։
Իսկ դու գիտեի՞ք արդյոք, որ տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որը երբեք կարիք չի ունեցել դենոմինացիա իրականացնելու։ Դենոմինացիայի գնացել են նաև նախկին ԽՍՀՄ երկրների գերակշիռ մասը, ու մենք քիչ բացառությունների մեջ ենք։ Կից աղյուսակը հայկական դրամի՝ վստահելիության, ժամանակների միջով գրագետ անցնելու, հուսալիության ու շահավետության մասին էլ է իրականում։ Այս աղյուսակը նաև յուրովի պատմում է, որ հայկական դրամն իր ողջ «կենսագրությամբ» վաստակել է, որպեսզի մենք իրենով անենք ծախսեր, խնայողություններ, ներդրումներ, որպեսզի մտածենք դրամով և դրամային»,-նշել է տնտեսագետը։