02/10/2021 14:35
Բաքվում Հայաստանի օգտին լրտեսություն կատարած անձի են ձերբակալել
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հայտնաբերվել և ձերբակալվել է Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեջ կասկածվող Ադրբեջանի մի քաղաքացի։
Կառույցի տարածած հաղորդագրության համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հիմնավոր կասկածներ են ծագել Ադրբեջանի քաղաքացի, 1970 թվականին ծնված Զաքիեվ Այդին Զաքի օղլուի կողմից պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական անվտանգության ու պաշտպանունակության դեմ գործողություններ՝ լրտեսություն անելու, ինչպես նաև նրա կողմից Հայաստանի հատուկ ծառայություններին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։
Լրտեսության մեջ կասկածվողն, ըստ հետաքննության, երրորդ երկրներում գտնվող միջնորդների օգնությամբ առաջադրանքներ է ստացել Հայաստանի հատուկ ծառայություններից և կատարել է դրանք։ Նրան հանձնարարել են այդ գործունեությանը ներգրավել նաև այլ անձանց։
«Նա, մասնավորապես, տեղեկատվություն է փոխանցել Ադրբեջանի ԶՈՒ անձնակազմի համալրման մասին, Հայաստանի հատուկ ծառայություններին աջակցել է ապատեղեկատվության տարածման հարցում՝ Ադրբեջանում էթնիկ հողի վրա առճակատում հրահրելու նպատակով»,- ասվում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրությունում։
Լրտեսության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով, նա դատարանի որոշմամբ ձերբակալվել է։