02/10/2021 13:45
Ես պատրաստ եմ բանակցել Փաշինյանի հետ ցանկացած պահի, երբ նա պատրաստ կլինի․ Ալիև
Իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եթե նա պատրաստ լինի դրան, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ես պատրաստ եմ (հանդիպել-խմբ․) և արդեն հայտնել եմ իմ դիրքորոշման մասին։ Եթե հայկական կողմը պատրաստ է, ես նույնպես պատրաստ եմ։ Մենք արդեն մի հանդիպում ունեցել ենք տարեսկզբին՝ եռակողմ ձևաչափով: Այն կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: Ես պատրաստ եմ բանակցել պարոն Փաշինյանի հետ ցանկացած պահի, երբ նա պատրաստ կլինի: Այսպիսով՝ ես բաց եմ քննարկումների համար և համարում եմ, որ դա կարող է լավ ցուցիչ դառնալ, որ պատերազմն ավարտվել է և այդ էջը փակված է»,- ասել է Ալիևը։
Իլհամ Ալիևը հարցազրույցի ընթացքում ասել է նաև, որ Հայաստանը պետք է «ամուր կամք ցուցաբերի», քանզի ոչ միայն խոսքերով, այլև գործողություններով է պետք ցույց տալ, որ պատերազմն ավարտվել է և սկսվել է ընթացքը դեպի «խաղաղ ժամանակաշրջան»։
Ալիևը նշել է նաև, որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել՝ «երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմքով»։
«Մենք պատրաստ ենք անհապաղ սկսել սահմանների դելիմիտացիան, իսկ նշված գործընթացից հետո, իհարկե, արդեն դեմարկացիան։ Մենք հայտարարել ենք նաև Հայաստանի հետ ապագայում խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատելու մեր պատրաստակամության մասին»,- ասել է նա։
Ալիևը նշել է, որ պաշտոնական Երևանն այս նախաձեռնությանը դրական պատասխան դեռ չի տվել։