02/10/2021 15:17
Եթե Ալեն Սիմոնյանի եղբայրը մասնակցել է ինչ-որ մրցույթի, ապա այդտեղ անպայման կա կոռուպցիոն ռիսկ, որովհետև Ալեն Սիմոնյանի եղբոր եղբայրը ԱԺ նախագահն է․ Աղազարյան
«Իհարկե, կոռուպցիոն ռիսկ տեսնում եմ, բայց այստեղ արդեն լրագրողների աշխատանքն է շատ կարևոր, որ լրագրողները փորեն, պրպտեն, տեսնեն՝ այդ հավանական կոռուպցիոն ռիսկերն արդյոք կյանքի կոչվե՞լ են, թե՞ ոչ»,- 24news.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ընկերությունների կողմից պետական գնումների մրցույթներին ակտիվ մասնակցելու և դրանցում հաղթելու փաստին, ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Հավատու՞մ եք, որ ԱԺ նախագահը կարող է կոռուպցիոն ռիսկերի մեջ լինել» հարցին Աղազարյանը պատասխանել է․ «Բոլորս ենք կոռուպցիոն ռիսկերի մեջ»։
Իշխող խմբակցության պատգամավորը փորձել է բացատրել կոռուպցիոն ռիսկի բուն իմաստը։
«Այսինքն, եթե Ալեն Սիմոնյանի եղբայրը մասնակցել է ինչ-որ մրցույթի, ապա այդտեղ անպայման կա կոռուպցիոն ռիսկ, որովհետև Ալեն Սիմոնյանի եղբոր եղբայրը ԱԺ նախագահն է։ Բայց դա ի՞նչ է նշանակում, որ եթե կա կոռուպցիոն ռիսկ, ապա չպե՞տք է գործառույթն իրականացվի։ Պետք է իրականացվի, և հետո թող համապատասխան մարմինները, նաև լրագրողներն ուսումնասիրեն ու տեսնեն՝ կոռուպցիոն ռիսկի մտավախությունը տվյալ դեպքում արդարացվե՞լ է, թե՞ չի արդարացվել, թե՞ բարեբախտաբար, նորմալ է անցել»,- ասել է նա։
Աղազարյանը հայտարարել է նաև, որ կոռուպցիոն ռիսկի հնարավոր առկայությունը ոչ ոքի չպետք է կաշկանդի տնտեսական գործունեությամբ զբաղվելիս։
«Եթե «կոռուպցիոն ռիսկ» արտահայտությունը մենք պետք է վերցնենք որպես հիմնաքարային, նշանակում է՝ պաշտոնյաների եղբայրները, բարեկամները որևէ մասնավոր գործունեություն չպիտի ունենան։ Այսինքն՝ քանի որ կա կոռուպցիոն ռիսկ, ուրեմն մերձավոր շրջապատը, մինչև մորքուրի տղա շառավղով, չպիտի մասնակցի այս կամ այն տնտեսական գործողություններին։ Դա անթույլատրելի մոտեցում է»,- շեշտել է ՔՊ խմբակցության պատգամավորը։