02/10/2021 13:18
«Օկուպացիա» բառը չի կարելի ամեն տեղ օգտագործել․ Հովիկ Աղազարյանը՝ Շուշիի և Հադրութի օկուպացիայի մասին
«Նայել եմ, շատ եմ հավանել՝ հատկապես հավասարակշռված վերլուծություններն ու գնահատականները»,- 24news.am-ին տված հարցազրույցում ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթն այսպես է գնահատել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Իշխող խմբակցության պատգամավորը չի համաձայնել գնահատականներին, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ագրեսիային Փաշինյանն իր ելույթում չի անդրադարձել, այնինչ անցյալ տարի այլ հռետորաբանություն ուներ։
«Հիմա էլ իր ելույթում այդ ամենը շեշտված էր, որ եղել է, այսօր այս արդյունքն ունենք, մենք պատրաստ ենք, որպեսզի հեռու մնանք, ձեռնպահ մնանք պատերազմական գործողություններից»,- ասել է Աղազարյանը։
«Օկուպացված Հադրութի և Շուշիի մասին Փաշինյանն ինչու՞ չխոսեց» հարցին ՔՊ-ական պատգամավորը պատասխանել է․ «Երևի ելույթը սահմանափակ էր ժամանակի մեջ։ Կարծում եմ՝ էդպես պետք է լինի։ Ես լավ չեմ տիրապետում»։
Թե Շուշին ու Հադրութն օկուպացվա՞ծ են արդյոք՝ իր կարծիքով, Հովիկ Աղազարյանը չի ցանկացել պատասխանել։
«Չէ, ես էդ հարցին չեմ պատասխանի։ Այդ հարցը շատ բազմաշերտ է, միանշանակ պատասխան տալը շատ բան է․․․Հադրութը և Շուշին մեր ցավալի կորուստներն են»,- ասել է նա։
ՔՊ-ական պատգամավորը փորձել է տալ նաև «օկուպացիա» բառի ժամանակակից բացատրությունը․ « «Օկուպացիա» բառն ունի իր մեջ քաղաքական, իրավական շաղախ և չի կարելի էդ բառն ամեն տեղ օգտագործել։ Եթե օգտագործես, ապա պետք է պատրաստ լինես նաև դրան պատասխան տալ»։