02/10/2021 15:39
«Ես գուշակ չեմ, որ մի քանի ամսվա, մի քանի տարվա պատմություն հենց հիմա ձեզ արտահայտեմ»․ Տիգրան Արզաքանցյանը՝ իր հետագա քաղաքական կարիերայի մասին
«Ինչ կկատարվի էս ժամանակաընթացքում, ես գուշակ չեմ, որ մի քանի ամսվա, մի քանի տարվա պատմություն հենց հիմա ձեզ արտահայտեմ։ Դուք ամեն ինչին էլ հետևողական կլինեք»,- այսօր ասաց ՀԴԿ-ից հեռացած, «Ալյանս» կուսակցությանը միացած Տիգրան Արզաքանցյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե «Ալյանսը» վերջի՞ն կուսակցությունն է, որին ինքն անդամակցում է, թե՞ փնտրտուքները քաղաքական դաշտում շարունակվելու են։
Տիգրան Արզաքանցյանը հայտնեց, որ ավելի վաղ «Ալյանսի» հետ քննարկումներ ունեցել է «իրար հետ ճանապարհ գնալու» շուրջ։
«Ես բոլոր կուսակցությունների հետ պատրաստ եմ ճանապարհ գնամ, ով մտածում է մեր երկրի մասին, իսկական ապագայի մասին, անվտանգության մասին, տնտեսության զարգացման մասին, աղքատության դեմ պայքարելու մասին։ Իսկական հայրենասեր լինելու համար պետք է համախմբվել»,- ասաց նա։
ՀԴԿ-ից հեռանալու պատճառն Արզաքանցյանը համարեց «տարբեր ճանապարհները»։
«Դեմոկրատական կուսակցությունը գնում էր այն ճանապարհով, որով հիմա գնում է, ես էլ հիմա էստեղ եմ։ Շատ հակառակ խոսակցություններ ստացվեցին այն ճանապարհին, որ իրենք 30 տարի գնում են այդ ճանապարհով։ Ես էդ իրենց 30 տարվա ճանապարհը չկարողացա հասկանալ, ընդունել» ,- ասաց նա։
Տիգրան Արզաքանցյանը հայտարարեց նաև, որ իրենք ընդդիմություն են լինելու, քանի որ ինքն այսօր երկրում ընդդիմություն չի տեսնում։