02/10/2021 17:28
Իշխանությունը շարունակում է իր թշնամական թեզերը, թելում է թուրքերի թելը․ Գևորգ Գևորգյան
«Մենք արդեն սովորել ենք, որ այս իշխանության խոսքերի վրա հիմնվել չի կարելի։ Նրանք օրեր, շաբաթներ առաջ ասում էին, որ միջանցքի մասին խոսք անգամ չկա և միջանցք չի տրվելու, բայց տեսնում ենք՝ քաղաքական զարգացումներն ինչպես են իրականացնում ու որ ուղղությամբ․ շարունակում են իրենց թշնամական թեզերը»,- Թուրքիային ու Ադրբեջանին «միջանցքներից», Հայաստանի տարածքում գտնվող ճանապարհներից օգտվելու հնարավորություն տալու մասին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությանն այսպես արձագանքեց հասարակական-քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գևորգ Գևորգյանը:
Գևորգ Գևորգյանը պատահական չհամարեց Արմեն Գրիգորյանի «պաշտոնական փոխատեղումները» ԱԽ-ից ԱԳՆ և հակառակ ուղղությամ՝ նշելով, որ Գրիգորյանն ընդամենը պատվեր կատարող է, նա հստակ մեսիջներ է ուղղում, որոնցից կարելի է հասկանալ, որ Փաշինյանի ներկայացրած «տարածաշրջանային խաղաղությունն» այլ ընթացք է ունենալու՝ հատկապես հաշվի առնելով, որ 3 տարվա ընթացքում գործող իշխանության ոչ մի ծրագիր ու նախագիծ չի ծառայեցվել հայկական շահին, բարենպաստ ելք չի ունեցել հայ ժողովրդի ու Հայաստանի համար։
«Ինչ խոսում է Թուրքիան, ինչ խոսում է Ադրբեջանը, այդ գործընթացը այսօրվա այս իշխանությունը Հայաստանում սկսում է։ Այսօրվա իշխանությունը բոլոր հնարավոր ճանապարհներով փորձում է Հայաստանը ներգրավել ևս մեկ, ավելի լայնածավալ պատերազմի մեջ։ Ինչպես գիտեք, Իրանը հայտարարել է, որ դեմ է Հայաստանի սահմանների փոփոխմանը և դրանց դեպքում ռազմական քայլերի կգնա։ Թուրքիան դրա խնդիրը չունի, քանի որ պատրաստվում է տարածաշրջանում ավելի լարված իրավիճակ ստեղծել, որովհետև ցանկանում է ապացուցել, որ տարածաշրջանում դոմինանտն ու թելադրողն ինքն է, իսկ Հայաստանը, փոխանակ մաքսիմալ դիվանագիտական ջանքեր գործադրի համախոհ Իրանի և Ռուսաստանի ուղղությամբ՝ ի շահ Հայաստանի, դիվանագիտական կորպուսն ամրացնի, բանակն ամրացնի, գնում է լրիվ հակառակ ուղղությամբ, այսինքն՝ թելում է թուրքերի թելը»,- ասաց Գևորգ Գևորգյանը։