02/10/2021 16:01
Փաշինյան-Ալիև հանդիպումը չի լինելու հանդիպում՝ հանդիպման համար. լինելու է շատ ավելի լուրջ քննարկումների հարթակ. քաղաքագետ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ձևակերպումը, որ հայկական կողմը պատրաստ է հանդիպելու ադրբեջանական կողմի հետ, բավական ամբիցիոզ է, որովհետև պատերազմից հետո երկու երկրների ղեկավարների հանդիպումը պետք է ձևակերպի ինչ-որ բանի շուրջ բանակցելու օրակարգ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
«Ենթադրում եմ, որ հանդիպումը պետք է լինի զուտ հանդիպման համար, սիմվոլիզի տեսանկյունից։ Դա, բնականաբար, անարդյունավետ կլինի, բայց եթե ուշադրություն դարձնենք մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, ակնհայտ է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը չի լինելու հանդիպում՝ հանդիպման համար։ Դա լինելու է շատ ավելի լուրջ քննարկումների և փոխադարձ տրամադրությունները շոշափելու հարթակ։ Ամենից ռիսկային խնդիրն այն է, որ հայկական կողմը ոչ միայն իր առջև խնդիր չի դնում անհրաժեշտ չափով ապահովել Հայաստանի և Արցախի շահերն ու անվտանգությունը, այլև դրա ռեսուրսը չունի։ Հայկական դիվանագիտությունն ունակ չէ ապահովել հայկական շահը։ Այս առումով ես շատ հոռետեսական վերաբերմունք ունեմ»,- ասաց քաղաքագետը։
Ալեն Ղևոնդյանի խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպումը մյուս կողմից կարող է հայկական կողմին փոխանցված խաղաղության պայմանագրի տրամադրությունները ստուգելու հնարավորություն լինել։
«Եթե հանդիպման ֆորմատը լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, ապա այստեղ ռուսական կողմի դիրքերը որոշակիորեն կթուլանան, բայց եթե հանդիպումը կայանա ռուսական կողմի նախաձեռնողականությամբ՝ ԵԱՀԿ-ի համատեքստում, այդ պարագայում իրավիճակն այլ կլինի։ Մեծ հաշվով, ռեգիոնում լայնածավալ ռազմական էսկալացիայի ռիսկը շոշափելիորեն մեծացել է։ Այս ամենի վերջնական նպատակը Ռուսաստանին ակտիվ ռազմական գործողությունների մեջ ներգրավելն է»,- նշեց մեր զրուցակիցը։
Ալեն Ղևոնդյաննն ուշադրություն հրավիրեց այն հանգանքի վրա, որ Արցախյան հակամարտության՝ այսօր առկա իրավիճակը նոր որակի միջազգային հարթակ է մտել։
«Չնայած Ալիևի մերժողական մոտեցմանը, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա և խնդիրը լուծված է, այնուամենայնիվ, տարածաշրջանում ուժային հարաբերակցությունը ցույց տվեց, որ Արցախի շուրջ այսպիսի ստատուս քվոն շահեկան չէ հատկապես Արևմուտքին։ Այդ ուղերձները մենք ստացանք և լսեցինք Հայաստանում ԱՄՆ դեսպանի շուրթերից և հետագայում նաև օվկիանոսից այն կողմ՝ ամերիկացի որոշ չինովնիկներից։ Այսինքն՝ դեռևս լուծված չէ Արցախի կարգավիճակի խնդիրը։
Հետաքրքիրն այն էր, որ տարօրինակ զուգադիպությամբ ունեցանք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման առնչությամբ ձևակերպում»,- ասաց քաղաքագետը: