02/10/2021 15:01
Թուրքիայում ատոմակայան կառուցելով՝ ՌԴ-ն այդ երկրի հանդեպ նոր լծակներ է ձեռք բերում. Ռուբեն Մելքոնյան
Բացի տնտեսական և արդյունաբերական ասպեկտները՝ Թուրքիայում ատոմակայան կառուցելու Ռուսաստանի մտադրությունն ինքնին քաղաքական ենթատեքստ ունի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Այստեղ մենք պետք է տեսնենք Ռուսաստանի՝ լծակների ձեռքերման, կառավարման հետ կապված շահերը։ Ենթադրում եմ, որ Թուրքիայում նոր միջուկային էներգաբլոկների կառուցումը այդ երկրի հանդեպ նոր լծակի ձեռքբերում է»,- ասաց մեր զրուցակիցը։
Ռուբեն Մելքոնյանը հիշեցրեց նաև պատմական նախադեպերը, երբ Խորհրդային միությունն արդյունաբերական տարբեր գործարաններ էր կառուցում Թուրքիայում՝ դրանով իսկ իրենից կախման մեջ գցելով այդ երկրին։
«Բնականաբար, կան զսպող այլ մեխանիզմներ՝ թույլ չտալու, որպեսզի Թուրքիայի նման անկառավարելի և ահաբեկչական հակումներ ունեցող երկիրը ատոմակայան կամ միջուկային զենք ունենալու պարագայում առավել մեծ վտանգ չներկայացնի»,- ասաց թուրքագետը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են Թուրքիայում նոր ատոմակայանների կառուցման հարցը։ Ըստ նրա՝ Անկարան որոշակի աշխարհագրական կետեր ունի, որտեղ մտածում է տեղակայել դրանք։