02/10/2021 18:00
Չկա խաղաղության օրակարգ, կա բացառապես թուրքական ու հակահայկական օրակարգ, որին մասնակցելը կնշանակի Հայաստանի պետականության փաստացի անկում․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն անհնար է համարել Ադրբեջանի և Թուրքիայի հետ բովանդակային բանակցություններն այն պայմաններում, որոնցում այսօր Հայաստանն է՝ գործող իշխանությունների մեղքով։
Ֆեյսբուքյան իր էջում Էդուարդ Շարմազանովը խնդրի շուրջ գրել է․
«Անթույլատրելի է այսօր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սկսել բովանդակային բանակցություններ։
Կապիտուլյացիայից հետո և կապիտուլյանտների պատճառով Հայաստանն այսօր ահավոր թուլացած է։
Հայաստանը չունի ազգային շահերը սպասարկող իշխանություն։
Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգը հակահայկական է։
Նրանք, ինչպես նոյեմբերի 9-ից հետո, ստանալու են հայկական կողմից ամեն ինչ ու փոխարենը իրենց պարտավորությունը չեն կատարելու։
Հայաստանի իշխանությունն, ինչպես հունվարի 11-ին, այս անգամ ևս մնալու է դիտորդի դերում։
Չի կարելի թուրքերի և ադրբեջանցիների հետ վարել բովանդակային բանակցություններ, երբ դու վիրավոր ես ու դիմադրողականություն չունես։
Չկա խաղաղության օրակարգ, կա բացառապես թուրքական ու հակահայկական օրակարգ, որին մասնակցելը կնշանակի Հայաստանի պետականության փաստացի անկում»։