02/10/2021 13:00
Կառավարությունը պետք է ասի՝ որն է «գինը», որի դիմաց Հայաստանը ստացել է ԶՊՄԿ-ի 25 տոկոս բաժնետոմսերը. տնտեսագետ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 25 տոկոս բաժնետոմսերը ՀՀ կառավարությանը նվիրաբերելու գործարքում որևէ տնտեսական կամ ֆինանսական տրամաբանություն չկա։ Խոսքը մասնավոր քաղաքական պայմանավորվածությունների մասին է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Թե ինչի դիմաց կամ ինչի հետևանքով է այս նվիրաբերությունը եղել, անհայտ է։ Կառավարությունը պետք է ասի՝ որն է «գինը», որի դիմաց Հայաստանը ստացել է այդ 25 տոկոսը»,- նշեց տնտեսագետը։
Ինչ վերաբերում է «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոման Տրոցենկոյի հայտարարությանը, որ այս գործարքի արդյունքում Հայաստանի տնտեսության համար կբացվեն նոր հնարավորություններ, ապա, Սուրեն Պարսյանի խոսքով, չպետք է մոռանալ, որ կոմբինատը 2016-2017 թվականների ընթացքում մոտ 200 միլիոն դոլարի չափով պարտք է կուտակել, և այդ պարտքը սպասարկելու համար լուրջ միջոցներ են հարկավոր։
Տնտեսագետը շեշտեց՝ մտածել, որ ԶՊՄԿ-ի 25 տոկոս բաժնետոմսերը նվիրաբերելու գործարքի արդյունքում կառավարությունը մեծաքանակ շահույթներ է ունենալու, քիչ հավանական է։
«Միանշանակ ողջունում և կարևորում եմ, որ կառավարությունը որևէ ձեռնարկության մասնաբաժին ունի, որովհետև տարիներ շարունակ լիբերալ տնտեսագետներն ու քաղաքական գործիչները հայտարարում էին, որ պետությունը վատ կառավարիչ է և ամեն բան պետք է տա մասնավորին։ Բայց հաջորդ քայլը, որ անելու է պետությունը, կարծում եմ, կոմբինատի կառավարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն իրականացնելն է լինելու»,- ասաց Սուրեն Պարսյանը։