02/10/2021 12:21
Գերիների վերադարձն ամենակարևոր հանգամանքներից մեկն է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման համար. Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկին:
Փոխվարչապետը, կարևորելով հայ ռազմագերիների հայրենիք վերադարձի անհրաժեշտության առնչությամբ միջազգային հանրության դերը, ընդգծել է, որ դա ամենակարևոր հանգամանքներից մեկն է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման համար:
Մհեր Գրիգորյանը և Չեխիայի արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաև Կառավարության հաստատված ծրագրով սահմանված հիմնական նպատակների, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների, իչպես նաև վերջերս համաձայնեցված ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո սահմանված ուղենիշների փոխկապակցվածության և փոխլրացման մասին:
ՀՀ փոխվարչապետը և Չեխիայի արտգործնախարարը քննարկել են նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարը և երկուստեք շեշտեցին այդ ոլորտում առկա մեծ ներուժի իրացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում կողմերը կարևորել են նախարարի հետ չեխական բիզնես համայնքի ներկայացուցիչների այցը Հայաստան և բիզնես ֆորումի կազմակերպումը, ինչպես նաև առաջիկայում հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: