02/10/2021 09:08
«Հրապարակ». Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածով մեքենաները երթևեկում են ժամը մեկ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները հերթական սահմանափակումն են մտցրել. նրանք թույլատրում են, որ այդ հատվածով ավտոմեքենաները երթևեկեն ժամը մեկ։ Այս մասին երեկ մեր լրագրողին հայտնել է Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը։ «Ժամը մեկ են թողնում անցնեն, մեքենաները հավաքվում են, մինչև ժամը լրանա, հետո ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անցնում են անցակետի հատվածը»,- ասել է նա: «Երեկ պետք է գնայի Որոտան՝ հերոս նահատակի հուշարձան օրհնելու, պարզվեց՝ տասը րոպե ուշացել եմ, արդեն թույլատրել են, ստիպված եմ եղել 50 րոպե կանգնած սպասել, մինչև ժամը լրանա»։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ մի քանի օրով փակեցին ճանապարհը և թույլ չէին տալիս, որ ո՛չ հայկական, ո՛չ իրանական ավտոմեքենաներ անցնեին։ Հետո իբրև թե բացվեց, բայց երթևեկությունն ուղեկցումով է և նման սահմանափակումներով: Քահանան ասել է, որ ավտոմեքենաների կամ ուղևորների զննում չեն իրականացնում, պարզապես մեքենաները հավաքվում են և մեր միջպետական ճանապարհով անցնում են ժամը մեկ, ռուսների ուղեկցությամբ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: