02/10/2021 09:20
«Հրապարակ». Անկոչ ՔՊ-ականները` Գորիսում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ մի խումբ ԱԺ պատգամավորներ` Արմեն Խաչատրյանը, Գագիկ Մելքոնյանը, Արփի Դավոյանը, Կարեն Համբարձումյանը եւ թիվ մեկ «ուսապարկ» Վահագն Ալեքսանյանը, նախօրեին այցելել են Սյունիքի մարզ։ Իշխանական պատգամավորների այցի հիմնական նպատակը Սյունիքում առկա խնդիրներին ծանոթանա՞լն է, թե՞ առաջիկա ՏԻՄ ընտրություններին իշխանական լծակների գործադրումն ու քարոզչություն անելը` սեփական թեկնածուների օգտին, դժվար է ասել։ Սակայն միանշանակ է, որ Սյունիքը շարունակում է մնալ այս իշխանությունների աքիլեսյան գարշապարը, իսկ իշխանականներն էլ, պատեհ-անպատեհ, փորձում են մաքրվել «սյունյաց ողջույններից» ու ցույց տալ, թե իբր Սյունիքում մարդիկ իրենց ընդունում են, սիրում եւ հաշտ են ներկա իրավիճակի հետ։
Տեղեկացանք, որ այս նպատակով իմքայլական պատգամավորներն անկոչ հյուրի կարգավիճակով Գորիսում մասնակցել են 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Էյներ Տատինցյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացմանը: Ավելին, չնայած նրանք առանձնապես ջերմ վերաբերմունքի չեն արժանացել, եթե չասենք, որ բացահայտ արհամարհված են եղել, մի քանի ռեպլիկ էլ են լսել իրենց հասցեին, մասնավորապես զոհվածի հայրը ներկաներին լսելի ձայնով ասել է․ «Երեխուս հողը դրեցին, եկել են հուշարձանի բացմանը, որ ի՞նչ անեն»: Սակայն դա չի խանգարել, որ իշխանական տուրիստները Ֆեյսբուքում հպարտ գրառում կատարեն այդ միջոցառմանն իրենց ներկայության մասին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: