04/10/2021 18:22
Պատերազմից հետո Հայաստանը որևէ լծակ չունի, և մեզ մնում է միայն չթուլացնել Իրանի և Ռուսաստանի հետ համագործակցությունը. Գարիկ Քեռյան
Քաղաքական տեսանկյունից լրիվ ճիշտ է, երբ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ Իրանը մեր բարեկամ պետությունն է, և որ այդ երկրի հետ մենք պահպանում ենք լավ հարաբերություններ։ Հայաստանն այլ բան չի էլ կարող անել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ վարչապետի կողմից հնչած հավաստիացումներին, որ Հայաստանը երբեք չի ներքաշվի Իրանի դեմ դավադրության մեջ։
«Պատերազմից հետո մեր երկրի և՛ ռազմական, և՛ սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսին չէ, որ մասնակցի տարածաշրջանային գործընթացներին կամ ազդի դրանց վրա։ Հայաստանը ներկայումս այդքան մեծ գործոն չէ տարածաշրջանում։ Մեր երկիրը պարզապես լծակներ չունի», - ասաց նա։
Գարիկ Քեռյանի խոսքով՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ ստեղծված բարդ իրավիճակում Հայաստանին մնում է չեզոքություն պահպանել, լավացնել Իրանի հետ հարաբերությունները և լիցքաթափել իր շուրջ եղած բացասական աուրան։
«Ամենակարևորը Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը չթուլացնելն է՝ նոր փորձանքներից փրկվելու համար», - շեշտեց քաղաքագետը։