04/10/2021 13:11
Կքննարկվի Աղվան Հովսեփյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացնելու հարցը
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու և նրա նկատմամբ գրավ կիրառելու մասին միջնորդություն կներկայացվի՝ նոր հանգամանքի ի հայտ գալու պայմաններում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Աղվան Հովսեփյանի փաստաբանական խմբի անդամ Էրիկ Ալեքսանյանը։
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո վճռաբեկ բողոք կներկայացվի, ինչպես նաև՝ կքննարկվի նոր հանգամանքի ի հայտ գալու պայմաններում առաջին ատյանի դատարան գրավի միջնորդություն ներկայացնելու հարցը, սակայն փաստաբանը չմանրամասնեց՝ ինչ նոր հանգամանքների մասին է խոսքը։
«Հավատացեք, նման միջնորդություն ներկայացնելն ինքնանպատակ չէ, մենք գտնվում ենք բացառապես իրավաբանության դաշտում, հետևաբար, նման հանգամանք ի հայտ գալու պարագայում միջնորդություն կներկայացնենք, ի հայտ չգալու պայմաններում՝ դատարանին չենք ծանրաբեռնի և ավելորդ դատավարական մարմնաշարժումներ չենք անի։ Համապատասխան հանգամանք ունենալու պայմաններում միջնորդություն կներկայացնենք», - նշեց Ալեքսանյանը։