04/10/2021 17:12
Թեհրանը չի հանդուրժի, որ «օտարերկրյա ինտերվենտներն» ազդեն Հայաստանի հետ հարաբերությունների վրա․ Իրանի ԱԳՆ
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա, որպեսզի «օտարերկրյա ինտերվենտներն» ազդեն Անդրկովկասում իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանային երկրների հետ Իրանի հարաբերությունների վրա, հայտնում է Fars գործակալությունը։
«Մեր տարածաշրջանն ու մեր հյուսիսային հարևանները տուժում են ճգնաժամային իրավիճակից՝ պայմանավորված հատկապես տարածաշրջանի որոշ հատվածներում Իսրայելի և ահաբեկիչների ներկայությամբ։ Մենք թույլ չենք տա, որպեսզի օտարերկրյա ինտերվենտներն ազդեն հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների վրա։ Տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծեն հենց տարածաշրջանում գտնվող երկրները՝ առանց օտարերկրյա միջամտության»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։
Ավելի վաղ Իրանի զինված ուժերը զորավարժություններ էին անցկացրել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ադրբեջանական հասարակության մոտ հարցեր են ծագել, թե ինչո՞ւ Իրանը նախկինում, «երբ Լեռնային Ղարաբաղի մի շարք տարածքներ գտնվում էին ՀՀ ԶՈՒ վերահսկողության տակ», Ադրբեջանի հետ սահմանին չէր անցկացնում զորավարժություններ։
Իրանի իշխանությունները կասկածներ ունեն, որ Ադրբեջանը ռազմական սերտ համագործակցության մեջ է իրենց տարածաշրջանային հակառակորդ Իսրայելի հետ։