04/10/2021 15:26
Կառավարությունն առաջարկել է համայնքների դոտացիաները հաշվարկել և հատկացնել ոչ պակաս, քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 4-ին հրավիրած նիստում քննարկել է ««Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով 2017 թվականին և հաջորդ տարիներին համայնքներին հատկացվող համահարթեցման դոտացիաները հաշվարկվում և հատկացվում են ոչ պակաս, քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը նշել է, որ նախագիծը չի նախատեսում ֆինանսական համահարթեցման բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության փոփոխություններ: Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է համայնքների ֆինանսական համահարթեցմանը և համաչափ սոցիալ-տնտեսական զարգացմանը:
«Օրենքը կիրարկվելով կապահովվի բոլոր համայնքների դոտացիաների բաշխման հավասարակշռությունը», - նշել է փոխնախարարը:
Քննարկման և քվեարկության արդյունքում օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն ԱԺ նստաշրջանի և առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:
««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումը հետաձգվել է երկամսյա ժամկետով: