04/10/2021 12:06
Բանակին մենակ են թողել այս պատերազմում. գեներալները պետք է սկսեն խոսել. ՀՀ երկրորդ նախագահ
ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պնդում է՝ պատերազմի ժամանակ բանակին մենակ են թողել։
«Տարբեր ակնկարկներ են եղել պատերազմում պատասխանատվության ու մեղավորության մասին, ակնհայտ է, որ, այո, փորձելու են ամբողջ մեղքը բարդել բանակի վրա, մեր գեներալների վրա։ Ի դեպ, սա այն դեպքը չէ, որ ես ոգևորված եմ բանակի գործողություններով, բայց կրկնեմ՝ պատերազմում է երկիրը, բանակին մենակ են թողել այս պատերազմում», - մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Քոչարյանը։
Նա ընդգծեց՝ պետք է հասկանալ, թե այս ֆունդամենտալ սխալ որոշումներն ում կողմից են կայացվել։
«Եթե նախաձեռնողը եղել է բանակը, Գլխավոր շտաբը, մեր գեներալիտետը, ապա դա մեկ հարց է, եթե այդ որոշումները կայացվել է կառավարության կողմից, վարչապետի կողմից, դա մեկ ուրիշ հարց է, բայց հիմա ես էլ եմ տեսնում՝ փորձ է արվում ստեղծել մի ֆոն, որ կոռումպացված, թալանչի գեներալների գործունեության արդյունք է այս պատերազմում պարտվելը», - ասաց նախագահը։
Նրա խոսքով՝ երբ որ իշխանությունը «հողեր հանձնելու» ժամանակ տարբեր պարգևներ էր հանձնում մարդկանց, չէի՞ն մտածում այդ մասին։
«Պետք է գեներալները սկսեն խոսել, պատմեն ճշմարտությունը, հակառակ դեպքում, ամբողջ մեղքը կախվելու է իրենց վզին», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։