05/10/2021 12:36
Խորհրդարանի այսօրվա օրակարգը որևէ աղերս չունի այն իրականության հետ, որում գտնվում է մեր վիրավոր երկիրը․ պատգամավոր
«Այսօրվա օրակարգը որևէ աղերս չունի այն իրականության հետ, որում գտնվում ենք մենք և մեր վիրավոր, առանձնահատուկ հոգատարության կարիք ունեցող երկիրը», - խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը։
Պատգամավորն ընդգծեց, թե որ հարցերն են հրատապ և կարևոր այն իրավիճակում, որում գտնվում են Հայաստանն ու Արցախը։
«Պատերազմի մեկնարկից անցել է մեկ տարի, բայց դեռևս ունենք գերիներ Ադրբեջանի բանտերում։ Չնայած նոյեմբերի 9-ի համաձայնագրում ամրագրված կետին, նրանք դեռևս գտնվում են այնտեղ։ Գերիների մեջ կան կանայք, որոնց ճակատագրից տեղյակ չենք։ Եվ եթե նույնիսկ նրանք ողջ են, նրանց ճակատագրերը խեղաթյուրված են։ Ո՞վ է պատասխանատու նրանց առաջ։ Մինչ օրս չունենք գերիների թվի հետ կապված ոչ մի հրապարակում։ Մինչ օրս ունենք անհայտ կորածներ և կրկին որևէ տեղեկատվություն չունենք նրանց մասին», - ասաց Ելենա Կիրակոսյանը։
Նա հիշեցրեց նաև, որ ՀՀ-ում են գտնվում Արցախից տեղահանված մոտ 25 000 քաղաքացիներ, որոնք անորոշության մեջ են և չգիտեն՝ ում միջոցով ու ինչպես լուծել իրենց բնակության հարցը։
«Ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է պատասխանատու այս ամենի համար, և արդյոք սա՞ է այն անհրաժեշտ օրակարգը, որը բերել և քննարկում եք՝ չլուծած այս հրատապ և կարևոր հարցերը», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Նշենք, որ խորհրդարանը քննարկում էր «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը», որը ներկայացրել է կառավարությունը և որով առաջարկվում է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հնարավորություն տալ սոցփաթեթով կուտակված գումարները ծախսել նաև մարզառողջական և սպորտային համալիրներ, լողավազաններ և այլ նման կառույցներ այցելելու, ինչպես նաև ուսանողական վարկերը մարելու նպատակով։
Ելենա Կիրակոսյանի ելույթից քիչ անց նշված օրենսդրական փոփոխությունն ընդունվեց՝ առաջին ընթերցմամբ։