05/10/2021 12:57
Ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելը հավերժ չի կարող շարունակվել. հենց այսօր պետք է մտածենք նոր հզորությունների մասին. Արա Նռանյան
Ազգային ժողովը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրություններում Արա Նռանյանի թեկնածությունը։ Վերջինիս թեկնածությունն առաջադրել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Նռանյանը հայտարարեց, որ հանձնաժողովի պատասխանատվության տիրույթում են Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները։
«Դրանք մեր տնտեսության այն հատվածներն են, որոնք առնչվում են բոլոր քաղաքացիների, տնտեսվարողների ու պետության շահերին, ունեն կարևորագույն սոցիալ-տնտեսական նշանակություն, ինչպես նաև հսկայական ազդեցություն երկրի անվտանգության մակարդակի վրա», - ասաց նա։
Նռանյանի խոսքով՝ ճիշտ է, Հայաստանը երկարացանում է ատոմային էլէկետրակայանի շահագործման ժամկետը, սակայն պետք է հստակ գիտակցել, որ դա հավերժ չի կարող շարունակվել. առաջիկայում կանգնած ենք լինելու նոր խնդիրների լուծման անհրաժեշտության առջև։
«Դրանց բարդությունն, առաջին հերթին, պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանց լուծումը պահանջելու է ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլ նաև ժամանակ», - նշեց նա՝ ընդգծելով, որ ատոմակայանի խնդիրներին բավական մոտիկից է ծանոթ։
«Մեծ է հավանականութունը, որ որոշ ներդրումների պարագայում կարող ենք մեկ անգամ ևս շարունակել երկարացնել ատոմակայանի շահագործումը, սակայն հենց այսօր պետք է մտածենք նոր հզորությունների մասին։ Ատոմակայանը պարտադրում է մեր էլեկտրաէներգիայի մինչև 40 տոկոսը ու,որքան էլ մենք փորձենք զարգացնել այլընտրանքային էներգետիկան կամ իրականացնենք էներգախնայող միջոցառումներ, պետք է լինենք իրատես. առաջիկա տարիների համար ավանդական էներգետիկան այլընտրանք չունի», - ասաց նա։