05/10/2021 09:14
«Ժողովուրդ». Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում տևական ժամանակ է, ինչ խնդիր կա. քաղաքացիներն արդեն վստահությունը կորցրել են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում տևական ժամանակ է, ինչ խնդիր կա: «Ժողովուրդ» օրաթերթը վերջին շրջանում քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ պետությունն իր մասնաբաժինը չի վճարում: Ինչպես հայտնի է, աշխատողի աշխատավարձի 10 տոկոսի չափով պետք է կուտակվի որպես ապագայի կենսաթոշակ։ Այդ 10 տոկոսի մի մասն աշխատողն է վճարում, մյուս մասը՝ պետությունը, բայց, փաստորեն, պետությունն իրեն բաժին ընկած պարտավորությունը ամսից ավելի է, չի կատարում:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն և հետաքրքրվել պատճառների մասին: Ի պատասխան հարցմանը ՖՆ-ից արձագանքել են՝ նշելով հետևյալը. «ՀՀ ֆինանսների նախարարությունը խնդրին ծանոթ է, դեռևս այս տարի՝ օգոստոսին, պետական բյուջեի՝ «Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնում» ծախսային ծրագրի միջոցները չեն բավականացրել տվյալ ծրագրի մասով ֆինանսավորումը կատարելու համար, սակայն Կառավարության՝ 30.09.21 թ․ թիվ 1599-Ն որոշմամբ խնդիրը կարգավորվել է, արդյունքում ծրագրի գլխավոր կարգադրիչ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը լրացուցիչ հատկացվել է 20 միլիարդ դրամ: Տվյալ որոշումն ուժի մեջ է մտել սույն թվականի հոկտեմբերի 1-ից, նշված վճարումը ՀՀ պետական բյուջեից կիրականացնի առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում»։
Լավ է, որ առաջիկա օրերին խնդիրը կկարգավորվի, բայց, մյուս կողմից, քաղաքացիներն արդեն վստահությունը կորցրել են ոչ միայն կառավարության, այլև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում