05/10/2021 18:24
Թեհրանը փակել է իր երկինքը Ադրբեջանի ռազմական ավիացիայի համար
Իրանի կառավարությունը պաշտոնական ուղիներով ծանուցում է ուղարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությանը: Ըստ դրա՝ Իրանը փակել է իր օդային տարածքը Ադրբեջանի ռազմական օդուժի համար, որը մատակարարումներ է իրականացնում Նախիջևան:
Բաքուն պաշտոնական Թեհրանի այս որոշումը համարել է դավաճանություն, որն իրականացվել է Հայաստանի կառավարության դրդմամբ:
Հաքքին.ազ կայքը գրում է, որ Իրանը ակտիվորեն օգտագործում է Ադրբեջանի տարածքը տարանցիկ փոխադրումներ իրականացնելու համար: Խոսքն առաջին հերթին Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մասին է:
«Իրանի դավաճանությունը շոշափելի վնաս չի պատճառի Ադրբեջանին, քանի որ Նախիջևանում տեղակայված զորամասերի մատակարարման հարցում Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը նախընտրություն էր տալիս այլ երթուղիներին: Այնուամենայնիվ, Թեհրանի այս քաղաքական որոշումը Բաքվին դրդում է ընդունել միանշանակ եզրակացություններ՝ Իրանի կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշների վերաբերյալ», - ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։