05/10/2021 16:37
Եթե ԶՊՄԿ-ից կառավարությանն անցած բաժնետոմսերը վարչապետի աշխատակազմն է տնօրինում, ինչո՞վ է դա ժողովրդինը․ Վահե Հակոբյան
«Իշխանության պոպուլիստական հերթական դրսևորումն է։ Այդ դեպքում ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմը դա տնօրինում, ինչո՞վ է դա ժողովրդինը»,- արձագանքելով իշխող խմբակցության հայտարարություններին, թե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» կառավարությանն անցած բաժնետոմսերը ոչ թե կառավարությանն են տրվել, այլ «անցել են ժողովրդին»՝ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ այդ գործարքի շատ մանրամասներ դեռ պետք է պարզվեն, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ նպատակ էր հետապնդում գործարքը։
«Փակ բաժնետիրական ընկերության արժետոմսերն ինչպե՞ս են փոխանցվում․ օրինակ՝ X ՓԲԸ-ն ունի բաժնետոմսեր՝ տարածված հազարավոր մարդկանց կամ ընկերությունների մեջ։ Եթե մի ընկերությունը որոշում է վաճառել մեկ ուրիշին, մյուսներն այդ մասին իմանում են, երբ գործարքն արդեն ֆիքսվում է։ Դրա մասին է խոսքը։ Հիմա X-ը վաճառել է Y-ին, Y-ն էլ իր Y-ից տոկոս է նվիրել կառավարությանը։ Թե ի՞նչ նպատակ հետապնդելով՝ շատ շուտով կպարզենք, թե ով ում հետ է կապված, ինչ հետևանքներից ելնելով գնացին գործարքին»,- ասաց Վահե Հակոբյանը։
«Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը և ՀՀ կառավարությունը հայտարարել են, որ Ընկերությունը ՀՀ կառավարությանն է նվիրաբերել իր 25% բաժնետոմսերը։