05/10/2021 14:30
Դատախազությունը պնդեց՝ թույլ տալ այսօր հրապարակել Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը. նիստը, սակայն, հետաձգվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը ժամանակ խնդրեց՝ ծանոթանալու գործի նյութերին։ Վերջինս նոր է ներգրավվել որպես Գևորգյանի պաշտպան։
Մեղադրող դատախաղ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց՝ ինքը Լուսինե Սահակյանի հետ մեկ հարցում համաձայն է. իր մոտ էլ տպավորություն է, որ այս գործով դատական նիստերը ոնց-որ փորձ արվի անընդհատ ձգձգել։
«Ես լրիվ համաձայն եմ, բայց դատարանին այդ հարցում մեղադրելու փոխարեն ես Լուսինե Սահակյանին խորհուրդ եմ տալիս նիստից հետո դիտել իր ելույթի տեսագրությունը», - ասաց Բաղդասարյանը։
Նա նշեց, թե շատ լավ են հասկանում այն հնարքը, որ դատարանում փորձում է անել պաշտպանական կողմը։
Դատախազը դատարանին միջնորդեց չհետաձգել դատական նիստն ու իրենց հնարավորություն տալ հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։
Լուսինե Սահակյանն էլ ասաց, թե այստեղ եկել է պաշտպանություն իրականացնելու համար, ոչ թե ուղղակի նստելու։ «Ուստի, խնդրում եմ ինձ տրամադրել ողջամիտ ժամկետ», - ասաց փաստաբանը։
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն էլ ասաց, թե ականատես են լինում, որ մեղադրական կողմի թերացումները փորձ է արվում օգտագործել պաշտպանական կողմի դեմ։
«Սա հերթական թերացման հետևանքն է, ինչ այսօր տեղի է ունենում», - ասաց փաստաբանը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանը ևս մեկ շաբաթ է տալիս Լուսինե Սահակյանին, որ ծանոթանա գործի նյութերին։ Սահակյանն էլ ասաց, որ դա ողջամիտ ժամկետ չէ ու չի կարող ամբողջությամբ ծանոթանալ նյութերին։
Դատական նիստը հետաձգվեց՝ նշանակվելով հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին։