05/10/2021 16:25
Վիվա-ՄՏՍ-ը ամփոփել է «Թանգարանային օրեր» նախագիծը
2020 թվականին Վիվա-ՄՏՍ-ը ներկայացրել էր «Թանգարանային օրեր» խորագրով մշակութային նախագիծը: Նախագծի մեկնարկը տրվել էր կորոնավրուսի համավարակի թեժ շրջանում և նպատակ ուներ թանգարաններում առցանց շրջայցերի միջոցով հայաստանյան հանրությանը ներկայացնելու հայ մշակութային հարուստ ժառանգությունը:
Նախագծի առաջին եթերաշրջանում ներգրավվել է ինը թանգարան՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանը, Եղիշե Չարենցի անունը կրող գրականության և արվեստի թանգարանը, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանները, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանը և Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը:
«Երբ սկսեցինք «Թանգարանային օրեր» նախագիծը, մեծ ոգևորություն ու հավատ կար, որ մշակութային կարևոր գործ ենք անում մեր հայրենակիցների համար: Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով աշխարհն ամբողջությամբ անցավ օնլայն շփման, և մենք էլ որոշեցինք հնարավորություն ընձեռել առցանց շրջելու տարբեր հայաստանյան թանգարաններով և ծանոթանալու հայ մշակույթին», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Թանգարաններում առցանց շրջայցերը ներկայացնում են հետաքրքիր ու բանիմաց զբոսավարները՝ ընդգծելով յուրաքանչյուր թանգարանի ամենահետաքրքիր ու կարևոր առաձնահատկությունները:
«Յուրաքանչյուր հաղորդման վրա աշխատել է պրոֆեսիոնալների մեծ թիմ և ստացել ենք շատ մեծ դրական արձագանք, քանի որ իսկապես անմիջական ու հետաքրքիր է ստացվել յուրաքանչյուր շրջայցը: Օրինակ՝ Հայաստանի ազգային պատկերասրահում այնքան շատ ցուցադրություններ կան, որ երեք թողարկում ենք նվիրել: Մինչ օրս մեծ հաճույքով դիտում եմ թողարկումները և վայելում մեր մշակութային ժառանգությունը», - հավելել է Ռալֆ Յիրիկյանը:
«Թանգարանային օրեր» նախագծի թողարկումների ամբողջական շարքը կարելի է դիտել Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական յութուբյան ալիքում: