05/10/2021 16:10
Դուք պետք է ուրախանաք, որ իշխանությունները որևէ կոմպլեքս չունեն քրեական գործով որևէ մեկի նկատմամբ խնդիր լուծելու․ Անդրանիկ Քոչարյանը՝ Դավիթ Տոնոյանին վերաբերող քրգործի մասին (տեսանյութ)
«Նախաքննական մարմինն այն, ինչ պետք է տեղեկացներ հասարակությանը, տեղեկացրել է»,- անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի կալանավորմանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա պնդեց, որ բոլորն են հետաքրքրված, որպեսզի բացահայտվի ճշմարտությունը, քանի որ բանակին վերաբերող «մութ դրվագ», «մութ էջ» պետք է չլինի։
Քոչարյանը հայտարարեց նաև, որ Դավիթ Տոնոյանը «քավության նոխազ» չէ, մամուլի հրապարակումներն էլ, թե նրան կալանավորել են, որպեսզի պատերազմի որոշակի դրվագների մասին չխոսի և «չհարվածի» իշխանությանը, ճիշտ չեն։
«Որպես լրագրող՝ սենսացիա ման մի՛ արի, իմ խորհուրդը քեզ»,- ասաց նա՝ դիմելով հարցն իրեն ուղղած լրագրողին։
Անդրանիկ Քոչարյանը հորդորեց բավարարվել նախաքննական մարմնի հաղորդագրություններով, ապա ասաց նաև, որ իշխանությունը քրեական գործեր հարուցելով խնդիրներ չի լուծում։
«Դուք պետք է ուրախանաք, որ իշխանությունները որևէ կոմպլեքս չունեն որևէ քրեական գործով որևէ մեկի նկատմամբ հետևողական խնդիր լուծելու։ Չկա այդպիսի բան»,- նշեց Քոչարյանը։