05/10/2021 13:54
Փաստաբանը պահանջում է ճանաչել Արմեն Գևորգյանի անձեռնմխելիությունը, թույլ տալ բացակայել երկրից. դատախազությունը դեմ է, դատավորն էլ միջնորդությունը հետաձգեց
Մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ խնդրելով ճանաչել Արմեն Գևորգյանի, որպես ԵԽԽՎ անդամի, անձեռնմխելությունը և ապահովել նրա մշտական, անարգել ազատ տեղաշարժման հնարավորությունը։
Նա հիշեցրեց, որ անձը օգտվում է բացարձակ անձեռնմխելիությունից՝ կապված իր խորհրդարանական գործունեության հետ։
«Դուք պարտավոր եք ճանաչել նրա անձեռնմխելիությունը, ուստի, ես խնդրում եմ ճանաչեք այն ու ապահովեք ազատ տեղաշարժի իրավունքը», - ասաց փաստաբանը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ ասաց, թե Արմեն Գևորգյանի ազատությունը նաև հանրային շահն է պահանջում, որովհետև վերջինս ներկայացնում է Հայաստանը միջազգային կառույցներում։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ ասաց, թե միջնորդությունը հիմնավոր չէ ու ենթակա է մերժման։
«Դատարանը չունի լիազորություններ ճանաչելու որևէ մեկի անձեռնմխելիությունը ու ստեղծել նրա համար որևէ հարցում արտոնյալ պայմաններ»,-ասաց դատախազը։
Լուսինե Սահակյանն ընդգծեց՝ սա Հայաստանի Հանրապետության համար լուրջ հարված է։
«Չի կարող դատարանն այս միջնորդությունը մերժել, ուղղակի իրավունք չունի մերժելու, այլապես դուք հաստատած կլիենք, որ Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները», - ասաց Գևորգյանի փաստաբանը։
Դատավոր Աննա Դանիբեկյան էլ հարց ուղղեց՝ ի՞նչ գործողություն են ակնկալում դատարանից։
«Հիմա ձեզանից ընդամենը հասնում է ճանաչել, որ Արմեն Գևորգյանը օգտվում է անձեռնմխելիությունից, հաջորդը՝ ապահովել նրա մշտական, անարգել ազատ տեղաշարժման հնարավորությունը», - արձագանքեց փաստաբանը։
Արմեն Գևորգյանը հայտարարեց, որ դիմել է ԵԽԽՎ համապատասխան մարմիններին՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը։
«Որովհետև սա արդեն ներպետական խնդիր չէ, սա արդեն դառնում է համապատասխան խորհրդաժողովի ու այդ միջազգային կառույցի քննարկման առարկան», - ասաց նա։
Աննա Դանիբեկյանն էլ հայտարարեց, որ Արմեն Գևորգյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ալեքսանդր Կոչուբաևը դատարանին ներկայացրել են միջնորդություններ՝ կապված Գևորգյանի անձեռնմխելիությանն հետ։
«Դատարանը քննարկել ու գտել է, որ լուծումը չի կարող տրվել, մինչև միջնորդությունների լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, միջնորդությունների լուծումը հետաձգվել է», - ասաց դատավորը։
Նա ասաց, որ այս միջնորդությունը ևս այ պահին չի կարող լուծում ստանալ, մինչև ՍԴ-ի կողմից համապատասխան որոշում կայացնելը՝ հաշվի առնելով, որ այն նույնպես վերաբերում է անձի անձեռնմխելիության հարցին։
Հիշեցնենք՝ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանի դիմումը և խոչընդոտել նրա մասնակցությունը ԵԽԽՎ լիագումար նիստին՝ որպես ԱԺ պատգամավոր։