05/10/2021 12:47
«Հարավկովկասյան երկաթուղու» կարողությունների թարմացումը նոր հնարավորություններ է բացում. Ֆինանսների նախարարն ընդունել է ՌԴ դեսպանին
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը: Նախարարը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ հաստատված սերտ համագործակցությունը և կարևորել հատկապես տնտեսական ուղղություններով հարաբերությունների զարգացումը։
Դեսպան Կոպիրկինը հայտնել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցություն ծավալելու մասին՝ ձևավորված արդեն 30-ամյա գործընկերային հարաբերությունների ավանդույթների վրա:
Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հարցերին:
Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքին՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև արժևորելով հանգամանքը, որ երկաթուղու կարողությունների թարմացումը նոր հնարավորություններ է բացում սոցիալ-տնտեսական ու հարակից ոլորտների շղթայական զարգացման համար: