06/10/2021 18:54
Սեփական օդային տարածքն Ադրբեջանի համար բացելու Հայաստանի քայլը դուր չի գա Իրանին. Քաղտեխնոլոգ
Սեփական օդային տարածքն ադրբեջանական ինքնաթիռների համար բացելու դիմաց Հայաստանը չէր կարող որևէ պայման դնել, քանի որ ՀՀ իշխանությունները հակառակորդի հետ կապիտուլյացիա են կնքել, և բացի այդ՝ շարունակում է օդում կախված մնալ Արցախը 5 միլիարդ դոլարի դիմաց վաճառելու մութ պատմությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են մնալ Սև լճի տարածքում, մինչդեռ ՀՀ իշխանությունները նրանց դուրս անելու համար ոչինչ չեն անում։ Ենթադրելի է, որ կան որոշ ներքին պայմանավորվածություններ, որոնք էլ Ադրբեջանն իրականացնում է», - ասաց քաղտեխնոլոգը՝ միաժամանակ կասկած հայտնելով, որ քաղաքացիական հայտարարվող օդանավերի անվան տակ ՀՀ տարածքով հանգիստ կարող են անցնել նաև ադրբեջանական ռազմական օդանավեր։
«Իրանը փակել է իր օդային տարածքը և Ադրբեջանին թույլ չի տալիս իր տարածքով թռչել Նախիջևան, և հասկանալի է, որ Հայաստանի քայլը՝ սեփական օդային տարածքը բացել Ադրբեջանի համար, դուր չի գա Իրանին։ Սա, սակայն, քիչ է հետաքրրքում ՀՀ գլխավոր իշխանավորին», - ասաց Բադալյանը։