06/10/2021 11:09
Ադրբեջանի ազգային ավիափոխադրողն սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը
Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը՝ դեպի Նախիջևան ուղևորափոխադրումների համար։
««Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթն իրականացնելիս հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Այս քայլը վկայում է Ադրբեջանի հստակ պատրաստակամության մասին՝ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում, ինչը բխում է բոլոր երկրների շահերից», - ասվում է AZAL ավիաընկերության տարածած հաղորդագրությունում։
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ Բաքու-Նախիջևան-Բաքու երթուղու փոփոխության արդյունքում թռիչքն ավելի կարճ կտևի, կկրճատվի նաև օգտագործվող վառելիքի ծավալը։
«Այսպիսով, AZAL ավիաընկերությունն այս չվերթն իրականացնելիս այսուհետ կարող է օգտվել գոյություն ունեցող բոլոր օդային միջանցքներից, այդ թվում՝ անցնող Հայաստանի և Իրանի օդային տարածքներով», - ասվում է հաղորդագրությունում։