06/10/2021 09:13
Կարծես «ռեյդերական» հարձակում տեղի ունեցած լինի ԶՊՄԿ-ի վրա․ փաստացի, կառավարությունը «փայ մտավ» Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր կազմակերպության մեջ․ Վարդևանյան
«Կարծես «ռեյդերական» հարձակում տեղի ունեցած լինի։ Թե ի՞նչ նպատակով, ինչպե՞ս, ի՞նչ բանաձևով, պարզ չէ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 25 տոկոս բաժնետոմսերը կառավարությանը փոխանցնելու գործարքին։
Պատգամավորն ընդգծել է, որ խոշորածավալ այս գործարքը թափանցիկ ընթացակարգ չի ունեցել, ինչն էլ հավելյալ հարցեր է առաջացնում։
«Նման ծավալուն գործարքը, իսկ խոսքը, մեղմ ասած, միլիոնավոր դոլարների մասին է, պետք է առնվազն թափանցիկություն ունենար։ Ինչպե՞ս ստացվեց, որ նման ծավալի բաժնեմաս ձեռք բերվեց նոր ընկերության կողմից, ինչպե՞ս է այդ գործընթացն իրականացվել, նո՞ր է իրականացվել, թե՞, օրինակ, ամիսներ առաջ»,- ասել է Արամ Վարդևանյանը ։
Պատգամավորի խոսքով՝ միջազգային փորձն էլ է ցույց տալիս, որ կառավարությունն էֆեկտիվ կառավարիչ չէ՝ լինի մասնավոր որևէ ընկերության 25, 15, թե 100 տոկոսի բաժնետեր։ Բացի այդ, պետության համար կարևոր է երկու հանգամանք․ որպեսզի պետբյուջե գումարներ մուտք գործեն և շատ հարկեր վճարվեն։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պարագայում, սակայն, տպավորություն է, որ ՀՀ կառավարության հավակնությունները այլ բնույթի են։
«Պետությունը չի կարող կազմակերպություն-բիզնես հարաբերություններում անցնել գծեր, որովհետև այդ գծերն անցնելն իրենից ենթադրում է, օրինակ, հանցանք։ Այս պարագայում ո՞նց է եղել, գծերն անցե՞լ են, թե՞ ոչ՝ հանրությունը պատասխաններ չունի։ Փաստացի, կառավարությունը «փայ մտավ» Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ամենախոշոր կազմակերպության մեջ։ Սրանով ի՞նչ իրավաչափ նպատակ կարող էր հետապնդվել։ Ես իրավաչափություն չեմ տեսնում։ Տեռորի միջավայրն ակնհայտ էր»,- ասել է Արամ Վարդևանյանը։