07/10/2021 16:37
Այսօրվա կառավարության նիստին արված հայտարարությամբ պետք է զբաղվեն իրավապահները․ Արամ Վարդևանյանը՝ պատվաստվելու հարկադրանքի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «պետական կառավարման համակարգում չպետք է լինի մարդ, որը պատվաստված չլինի»։ Փաշինյանը, հիշեցնենք, կոշտ էր արձագանքել պաշտոնյաների դիտարկումներին, որ որոշ աշխատակիցներ վախենում են պատվաստվել ու հրահանգել էր խնդիրը լուծել․ «Վարչական լծակները գործադրեք, պետք է պատվաստումը գնա առաջ»։
Պատգամավոր Արամ Վարդևանյանը իր գրառմամբ ընդգծել է․ «Ոչ մեկը՝ լինի կառավարություն կամ այլ մարմին, չի կարող այն պարտադրել, կամ վախեցնել, կամ ծախսերը դնել ժողովրդի վրա՝ ինչ-որ հրամանով»:
«Քիչ առաջ դիտեցի Կառավարության նիստից խայտառակ հատվածը կորոնավիրուսային համավարակի դեմ լրիվ հարկադիր պատվաստման վերաբերյալ:
Տեղեկացնեմ` չկա եվրոպական երկիր, որտեղ պատվաստումը լինի հարկադիր։ Ճիշտ հակառակը: Սկզբունքը մեկն է՝ տեղեկացնել և ճիշտ կոմունիկացվել հանրության հետ:
Այսօրվա կառավարության նիստին կատարված հայտարարությամբ (այդ թվում՝ լիազորությունների չարաշահման տիրույթում) պետք է զբաղվեն իրավապահները:
Պատվաստվելու վերաբերյալ իմ գիտակցված որոշումը դրան կողմ լինելն է, բայց դա յուրաքանչյուրի գիտակցված որոշումը պետք է լինի: Ոչ մեկը՝ լինի կառավարություն կամ այլ մարմին, չի կարող այն պարտադրել, կամ վախեցնել, կամ ծախսերը դնել ժողովրդի վրա՝ ինչ-որ հրամանով:
Այս դիրքորոշումս բխում է Սահմանադրությունից։ Ի դեպ, պաշտոնյաները պարտավոր են այն կարդալ...»,- գրել է Արամ Վարդևանյանը։