07/10/2021 11:38
«Ձերբակալեք, կալանավորեք». Փաշինյանը հունից դուրս եկավ՝ իրենց խանգարողներ չպետք է լինեն (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց 2 միլիարդ 365 միլիոն դրամ լրացուցիչ գումար հատկացնել առողջապահության նախարարությանը, որը պետք է ուղղվի Հայաստանում կորոնավիրուսի վարակի կանխարգելման, բուժման ու այլ համալիր միջոցառումների շրջանակում անհրաժեշտ ծախսեր իրականացնելու համար:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, թե այս պահին ակտիվ դեպքերի մեջ ընդամեեը 176 հոգին են, ովքեր, պատվաստված լինելով, բուժման կարիք ունեն:
Նախարարի խոսքովՙ դեռ կան որոշ անձինք, ովքեր չարամտորեն վնասարարությամբ են զբաղված ու անընդհատ խաթարում են այն ինֆորմացիոն դաշտը, որ քաղաքացիներին շփոթության մեջ են գցում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր չեկավ նախարարի այս հայտարարությունը:
«Ինչու եք բողոքում, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են անում։ Կա հստակ պետության պարտավորությունՙ վարչական լծակները գործադրեք, պետք է պատվաստումը գնա առաջ: Ես առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսել բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին», - ասաց Փաշինյանը:
Նա նշեց, թե նախարարության առաջ խնդիր է դնումՙ իրեն չասեն՝ ով է խանգարում, ով չի խանգարում:
«Գնացեք լուծեք, ոչ մեկ չի կարող մեզ խանգարել գործել, խնդիր եմ դրել, գնացեք լուծեք, վատ է, շատ վատ է պատվաստման թվերը ու որևէ ուրիշ մեկից չբողոքեք: Վերաբերում է դահլիճում նստած բոլորինՙ որ գալիս ասում եքՙ էս ինչ աշխատողը վախենում է պատվաստվի։ Պետական կառավարման համակարգում մարդ չպետք է լինի, որը պատվաստված չլինի։ Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար: Հերիք է նստենք բողոքենք, էլ տենց բաներ չլսեմ: Գնացեք ու խնդիրները լուծեք», - ասաց Փաշինյանը:
Նա ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը հանձնարարեցՙ կեղծ պատվաստումների մասին էլ ահազանգ չլսի:
«Ձերբակալեք, կալանավորեք, էդ բժիշկները, ովքեր օգտվում են առիթիցՙ չպատվաստելու մարդկանց ու պատվաստանյութը փչացնելու համար շատ խսիտ միջոցներ է պետք ձեռնարկել», - ասաց Փաշինյանը: