07/10/2021 20:27
Ցավալի է լսել, որ երկրի վարչապետը սպառնում է հանրությանը՝ օգտագործելով «ձերբակալել», «կալանավորել» տերմինները, ինչն իր իրավասության դաշտում չէ․ Արա Զոհրաբյան
«Ցավալի է լսել, որ երկրի վարչապետը սպառնում էր հանրությանը՝ օգտագործելով «ձերբակալել», «կալանավորել» տերմինները, ինչը վարչապետի իրավասության դաշտում չէ։ Դա նաև հաղորդագրություն էր քաղաքացիներին։ Պատերազմից, վիրուսներից առանց այն էլ վախեցած մեր հանրությանը վարչապետն է փորձում լրացուցիչ վախեցնել», Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքից առաջ, անդրադառնալով կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «պետական կառավարման համակարգում չպետք է լինի մարդ, որը պատվաստված չլինի», ասաց «Փաստաբանների պալատի» նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանը՝ լրագրողների հետ զրույցում։
«Մեր մոտեցումը հետևյալն է․ ժողովրդի հետ խոսեք ազնիվ, ժողովրդին պատմեք, համոզեք, բացատրեք, որ օրինակ՝ պատվաստվելն ավելի լավ է։ Վարչական լծակներով փորձում են ստիպողաբար անել», - ասաց Արա Զոհրաբյանը։
Միևնույն ժամանակ, նա բնական համարեց մարդկանց զգուշավորությունը՝ պայմանավորված պատվաստանյութերի նոր լինելով և դրանց հնարավոր բացասական ազդեցության մասին հստակ տեղեկատվության բացակայությամբ։
«Մեր հավաքի պահանջն է՝ ո՛չ պարտադիր պատվաստմանը։ Յուրաքանչյուր քաղաքացի հենց ինքը պիտի որոշի՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ։ Մենք դեմ ենք այդ պարտադրանքին։ Քաղաքացու ազատ կամքի դեմ չի կարող պարտադրանք լինել, և վերջ», - արդեն հանրահավաքի ժամանակ հայտարարեց Զոհրաբյանը։
«Մարդկանց չի կարելի բժշկական փորձի ենթարկել։ Սա սահմանադրությամբ ամրագրված կարևոր երաշխիք է։ Սահմանադրությամբ ամրագրված է, որ ֆիզիկական անձեռնմխելիությունը կարող է միայն օրենքով սահմանափակվել, այն էլ միայն սահմանադրության մեջ նշված նպատակներով։ Ստացվում է, որ առողջապահության նախարարը սահմանափակել է մեր ֆիզիկական անձեռնամխելիությունը։ Ստացվում է, որ առողջապահության նախարարը մեզ ստիպում է՝ տարբերակ չթողնելով։ Նախարարը առհասարակ իրավասու չէր նման հրաման ընդունելու», - ասաց նա։
Ելույթներով հանդես եկան հանրահավաքի այլ մասնակիցներ ևս։
Հիշեցնենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը պատվաստման պարտադրանքի դեմ ստորագրահավաք է անցկացնում, կոլեկտիվ հանրագիրը ներկայացվելու է Նիկոլ Փաշինյանին, իսկ առողջապահության նախարարի հրամանը՝ պատվաստվելու կամ յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ թեստավորվելու պահանջով, նախաձեռնությունը վիճարկում է դատարանում։